Աննըի առաջին տարիները
Աննը Ֆրանկը ծնվել է գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում, 1929 թվականին: Աննըի ավագ քույրը` Մարգոն, երեք տարեկան էր: Գերմանիայում գործազրկություն էր ու համատարած աղքատություն, դա այն ժամանակահատվածն էր, երբ Ադոլֆ Հիտլերը և նրա կուսակցությունը ավելի ու ավելի շատ համակիրներ էին ձեռք բերում: Հիտլերը ատում էր հրեաներին և նրանց մեղադրում երկրում առկա խնդիրների մեջ՝ օգտվելով Գերմանիայում տարածված հակասեմական տրամադրություններից: Հրեաների հանդեպ ատելությունը և տնտեսական վատթար վիճակը ստիպեցին Աննըի ծնողներին՝ Օտտո և Էդիթ Ֆրանկերին, տեղափոխվել Ամստերդամ: Այնտեղ Օտտոն հիմնադրեց պեկտինի՝ ջեմի ներկանյութի արտադրության ընկերություն։
Նացիստական Գերմանիան ներխուժում է Նիդերլանդներ
Նիդերլանդներում Աննըն զգում էր իրեն ինչպես տանը: Նա սովորել էր լեզուն, նոր ընկերներ ձեռք բերել, հաճախում էր տանը հարակից հոլանդական դպրոց: Նրա հայրը քրտնաջան աշխատում էր, որպեսզի բիզնեսը սկսի եկամուտ բերել, բայց դա հեշտ չէր: Օտտոն նաև փորձել էր ընկերություն հիմնել Անգլիայում, սակայն ծրագիրը ձախողվեց: Բանը հասավ նրան, որ բացի պեկտինից նա սկսեց վաճառել նաև դեղաբույսեր և համեմունքներ: 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ Աննըն 10 տարեկան էր, նացիստական Գերմանիան ներխուժեց Լեհաստան, և այդպիսով սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Շատ չանցած ՝ 1940-ի մայիսի 10-ին, նացիստները ներխուժեցին նաև Նիդերլանդներ: Հինգ օր ռմբակոծությունների տակ գտնվելուց հետո հոլանդական բանակը հանձնվեց: Դանդաղ, բայց հաստատուն քայլերով, նացիստները ավելի ու ավելի շատ օրենքներ ու կանոնակարգեր մտցրեցին, որոնք դժվարացնում էին հրեաների կյանքը: Օրինակ՝ հրեաներն այլևս չէին կարող այցելել զբոսայգիներ, կինոթատրոններ կամ ոչ հրեական խանութներ: Սա նշանակում էր, որ աստիճանաբար Աննըի համար տարբեր-տարբեր տեղեր անհասանելի էին դառնումո: Նրա հայրը կորցրեց իր ընկերությունը, քանի որ հրեաներին այլևս թույլ չէր տրվում իրենց բիզնեսը վարել: Բոլոր հրեա երեխաները, այդ թվում՝ Աննը, ստիպված էին գնալ առանձին հրեական դպրոցներ:
Աննըն ստիպված է թաքնվել Հետնատանը
Նացիստները ևս մեկ քայլ առաջ գնացին: Հրեաները պետք է իրենց հագուստին Դավիթի աստղ կրել, և լուրեր էին պտտվում, որ բոլոր հրեաները ստիպված կլինեն լքել Նիդերլանդները: Երբ 1942 թվականի հուլիսի 5-ին Մարգոն ստացավ նամակ նացիստական Գերմանիայում այսպես կոչված «աշխատանքային ճամբար» ներկայանալու պահանջով, նրա ծնողները երկմտանքի մեջ էին: Նրանք չէին հավատում, որ խոսքը աշխատանքի մասին է, և հետապնդումներից խուսափելու համար որոշեցին հենց հաջորդ օրը թաքնվել Աննըի հոր ընկերության հետնամասում, որը նա սկսել էր կահավորել դեռ 1942-ի գարնանը։ Շուտով նրանց միացան ևս չորս հոգի: Թաքստոցում նեղվածք էր: Աննը ստիպված էր շատ հանգիստ պահել իրեն և հաճախ վախի մեջ էր:
Աննըն գրում է օրագիրը
Նրա տասներեքերորդ տարեդարձի օրը՝ թաքնվելուց շաբաթներ առաջ, Աննըն ստացել էր օրագիր: Թաքնվելու երկու տարվա ընթացքում Աննըն օրագրում գրում էր հետնամասում կատարվող իրադարձությունների, բայց նաև իր զգացմունքների ու մտքերի մասին: Բացի այդ, նա գրում էր պատմվածքներ, սկսել էր աշխատել վեպի վրա և պատճենել հատվածներ այն գրքերից, որոնք նա կարդացել էր իր «Գեղեցիկ մտքերի գրքում»: Գրելը օգնեց նրան դիմանալ դժվար առօրյային: Երբ Անգլիայում Հոլանդիայի Կառավարության ԿԳ նախարարը դիմեց Ռադիո Օրանժին՝ կոչ անելով պահել պատերազմական օրագրերը և փաստաթղթերը, Աննըն ոգեշնչվեց վերաշարադրել իր օրագրային գրառումները մեկ պատմության մեջ՝ վերնագրելով այն «Het Achterhuis» («Հետնատունը»):
Թաքստոցը հայտնաբերվում է
Աննըն սկսում է վերաշարադրել իր օրագիրը, բայց նախքան դրա ավարտը, 1944 թվականի օգոստոսի 4-ին նա և թաքստոցի մյուս մարդիկ հայտնաբերվում և ձերբակալվում են ոստիկանության ծառայողների կողմից: Ոստիկաններձերբակալում են նաև թաքստոցայիններին օգնող երկու հոգու: Ոստիկանական գրոհի պատճառը մինչ օրս անհայտ է, ու չնայած դրան՝ Աննըի գրածի մի մասը պահպանվում է։ Թաքստոցային օգնողներից ևս երկուսը հասցնում են վերցնել դրանք մյուս փաստաթղթերի հետ, նախքան նացիստների հրամանով Հետնատան առգրավումը:
Աննըն աքսորվում է Աուշվից
Զիխերհայթսդինստի (գերմանական անվտանգության ոստիկանության) գրասենյակներից, Ամստերդամի բանտով և Վեստերբորկի տարանցիկ ճամբարով՝ թաքստոցի բնակիչներին տեղափոխում են Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման և մահվան ճամբար: Գնացքի ուղևորությունը տևում էր երեք օր, որի ընթացքում Աննը և հազարից ավելի այլ մարդկանց տանում էին անասնավագոններում: Սնունդը ու ջուրը սուղ էր, զուգարանի համար բոլորի համր մի տակառ էր դրված: Աուշվից ժամանելուն պես, նացիստական բժիշկները ստուգեցին, թե ովքեր են կարող և ովքեր չեն կարողանա ծանր հարկադիր աշխատանք կատարել: Աննըի գնացքից շուրջ 350 մարդու անմիջապես ուղարկեցին գազի խցեր և սպանեցին: Աննը, Մարգոն և նրանց մայրը ուղարկվեցին կանանց աշխատանքային ճամբար: Օտտոն հայտնվեց տղամարդկանց ճամբարում:
Աննըն ուժասպառ մահանում է Բերգեն-Բելսեն ճամբարում
1944-ի նոյեմբերի սկզբին Աննըին նորից կրկին տեղափոխում են: Նրան Մարգոյի հետ աքսորում են Բերգեն-Բելսեն համակենտրոնացման ճամբար: Նրանց ծնողները մնում են Աուշվիցում: Բերգեն-Բելսենում պայմանները նույնպես սարսափելի էին: Սննդի պակաս կար, ցուրտ էր, թաց և շատ էին վարակակիր հիվանդությունները: Աննըն ու Մարգոն վարակվում են տիֆով, ինչից 1945-ի փետրվարին երկուսն էլ մահանում են, նախ՝ Մարգոն, անմիջապես հետո՝ Աննըն: Աննըի հայրը ՝ Օտտոն, միակն է թաքստոցայիններից, որ վերապրում է պատերազմը: Խորհրդային բանակի կողմից Աուշվիցի ազատագրումից հետո, նա վերադառնում է Նիդերլանդներ։ Ճանապարհին նա տեղեկանում է, որ կինը զոհվել է, հասնելով Ամստերդամ իմանում, որ ողջ չեն նաև երկու աղջիկները։
Աննըի օրագիրը դառնում է աշխարհահռչակ
Աննըի գրածը խորը տպավորություն է թողնում Օտտոյի վրա: Այստեղից նա իմանում է, որ Աննըն ցանկանում էր գրող կամ լրագրող դառնալ, և մտադրված էր հրապարակել Հետնատանը կյանքի պատմությունը: Ընկերները համոզում են Օտտոյին հրատարակել օրագիրը, և 1947-ի հունիսին այն լույս է տեսնում Het Achterhuis (Հետնատունը) վերնագրով, 3000 օրինակով: Եվ սա միայն սկիզբն էր. հետագայում գիրքը թարգմանվում է շուրջ 70 լեզուներով, տարածվում տասնյակ միլիոնավոր օրինակներով և ադապտացվում բեմի ու էկրանի համար: Մարդիկ ամբողջ աշխարհում ծանոթանում են Աննըի պատմությանը, և 1960 թվականին թաքստոցը դառնում է Աննը Ֆրանկի տուն-թանգարան: Մինչև իր մահը 1980 թվականին Օտտոն սերտորեն ներգրավված էր տուն-թանգարանի աշխատանքներին. նա հույս ուներ, որ ընթերցողները օրագրի միջոցով կիրազեկվեն խտրականության, ռասիզմի և ատելության վտանգների մասին: Թանգարանը գործում է մինչ օրս՝ տարեկան ունենալով միլիոնից ավելի այցելուներ։

Ծնվում է Աննը Ֆրանկը

Հիտլերը գալիս է իշխանության

Ֆրանկերը տեղափոխվում են Ամստերդամ․ նոր կյանք՝ նոր քաղաքում

Երկրորդ համաշխարհայինի սկիզբը․ Գերմանիան ներխուժում է Լեհաստան

Հնգօրյա ռմբակոծությունից հետո Նիդերլանդները հանձնվում են

Գործողություն Բարբարոսա։ Մեծ Հայրենականի սկիզբը։

Վանզեի կոնֆերանսը։ Նացիստները կազմակերպում են եվրոպական հրեաների սպանությունը

Նիդերլանդներում կիրառության են դնում դեղին աստղերը

Աննըն նվեր է ստանում օրագիր

Ֆրանկերը անցնում են թաքստոց

Ստալինգրադի ճակատամարտ․ Գերմանական բանակը ստորացված է

Դաշնակիցները հասնում են Ֆրանսիա

Թաքստոցը բացահայտված է, բնակիչները՝ ձերբակալված

Աննըն ու Մարգոն ուժասպառ մահանում են Բերգեն-Բելսեն համակենտրոնացման ճամբարում

Կարմիր բանակը գրավում է Բեռլինը

Օտտոն վերադառնում է Ամստերդամ

Նյուրբերգյան դատավարություն։ Նացիստները կանգնում են դատի առաջ

Աննըի երազանքն իրականանում է․ «Հետնատունը» տպագրվում է

ՄԱԿ-ը ընդունում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը

Հին թաքստոցը դառնում է թանգարան

Իսրայելը առևանգում է «Հոլոքոստի ճարտարապետ» Ադոլֆ Այխմանին

ՀԽՍՀ-ում լույս է տեսնում օրագրի ռուսերենից թարգմանությունը
«Հետնատունը» առաջին անգամ հայերեն է հրատարակվում բնագրային թարգմանությամբ և առանց կրճատումների
2019 թվականի հունիսի 12-ին` Աննը Ֆրանկի ծննդյան 90-րդ տարելիցի օրը, Երևանի Զանգակ գրատանը կայացավ Աննը Ֆրանկի օրագրի հայերեն նոր հրատարակության շնորհանդեսը։ Առաջին անգամ օրագիրը թարգմանվել էր բնագրից և ներկայանում էր ամբողջական ծավալով՝ կրելով Աննըի կողմից դրած վերնագիրը՝ «Հետնատունը»։ Գիրքը լույս տեսավ հոլանդուհի թարգմանիչ Աննա Մարիա Մատտաարի թարգմանությամբ «Վերնատուն» հրատարակչությունում։
Շնորհանդեսը կազմակերպել էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտը։ Հատուկ շնորհանդեսին մասնակցելու համար Երևան էին ժամանել գրքի թարգմանիչ Աննա Մարիա Մատաարը և Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Յոս Դաուման։
Այսպես սկիզբ դրվեց «Սովորել Աննը Ֆրանկի հետ» ծրագրին։
2019-ի նոյեմբերից Հայաստանի տարբեր մարզերի գրադարաններում անցում էին Աննը Ֆրանկի օրեր՝ միջոցառումներ՝ Աննը Ֆրանկի կենսագրության, Հոլոքոստի, խտրականության թեմաներով, Աննըի օրագրի ընթերցանություններ ու քննարկումներ, Աննըի մասին պատմող, Նիդերլանդներից ժամանած ցուցահանդեսը, շրջելով մարզից մարզ՝ գրադարանից գրադարան, մեկ շաբաթով հանգրվանում էր մասնակից գրադարաններում, որի ժամանակ թեմայի մեջ խորացած երիտասարդները՝ որպես Աննը Ֆրանկի դեսպաններ, ծանոթացնում էին ցուցահանդեսի հյուրերին Աննը Ֆրանկի ու նրա «Հետնատան» հետ։ Մինչև 2020-ի համաճարակը ցուցահանդեսը հասցրեց լինել Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերի 10 մեծ ու փոքր գրադարաններում, հարյուրավոր պատանիներ ու մեծեր եղան ցուցահանդեսի հյուրը, մասնակցեցին քննարկումներին, Հայաստանում Աննըն ձեռք բերեց 52 Աննը Ֆրանկի դեսպան։
Նամակ Աննը Ֆրանկին
Ալիետա Դանիելյան, տասնվեց տարեկան, Երևան
Բարև, սիրելի՛ Աննը,
Ես Ալիետան եմ: Մենք այսօր միասին զբոսնում էինք: Անվերջ քայլում էինք այգում ու զրուցում: Զրուցում էինք աշխարհից, կյանքից, մարդկային բարության և միևնույն ժամանակ աննկարագրելի դաժանության, անարդարության և այդ անարդարության մեջ հույսի մի փոքրիկ նշույլ գտնելու կարևորության մասին: Ընկերացել էինք ու անվերջ շատախոսում էինք: Դու պատմում էիր քո աշխարհի, քո ապրումների, քո զգացմունքների ու քո առօրյայի մասին, իսկ ես՝ իմ: Չնայած որ շատ հարցերում մենք տարբերվում էինք, համակարծիք չէինք, այնուամենայնիվ, շատ ընդհանրություններ ունեինք․ չէ՞ որ երկուսս էլ դեռահաս աղջիկներ ենք, ու մեր ապրումները, զգացմունքներն ու կարծիքները շատ դեպքերում համընկնում են: Հետո լսեցի ծանոթ ու նյարդայնացնող ձայն. զարթուցչիս ձայնն էր:Աչքերս բացեցի ու հասկացա, որ այդ ամենը երազ էր: Հիշեցի, որ քնելուց առաջ քո օրագրի վերջին էջերն էի կարդում ու հենց դրա ազդեցության տակ էլ քնել եմ: Հիմա ձեռքերիս մեջ պահում եմ քո օրագիրը, որը բազում անգամներ եմ կարդացել ու ամեն անգամ կարդալիս նոր բան եմ բացահայտել ու հասկացել: Ամեն անգամ կարդալիս զարմանում եմ, թե ինչպես կարող էր տասներեք տարեկան աղջնակը այդքան խորը մտքեր ու ապրումներ ունենալ: Իրավիճակը ստիպեց, որ դու ժամանակից շուտ մեծանաս ու ավելի շատ բան հասցնես զգալ ու հասկանալ, քան շատ մեծահասակներ: Ես հասկացա, որ տարիքն այդքան էլ էական չէ երազանքներ ու նպատակներ ունենալու համար: Ա՛ննը, գիտե՞ս, դու այն մարդն ես, ով ոգեշնչում է ինձ, նա ես, ում շատ կցանկանայի նմանվել: Դու միշտ կարողանում ես ուրախացնել բոլորին՝ թաքցնելով քո մտածմունքներն ու տխրությունը: Դու թաքցնում ես քո ԵՍ-ի մյուս կողմը ու թույլ չես տալիս, որ ինչ-որ մեկը ծանոթանա: Միգուցե, եթե դու հանգիստ կարողանայիր խոսել մայրիկիդ, քրոջդ կամ ընկերուհիներիցդ որևէ մեկի հետ, քեզ ավելի հանգիստ զգայիր: Բայց դու նախընտրեցիր քո սիրտը բացել ու քո մտքերը հանձնել միայն ու միայն թղթին, քո օրագրին՝ Քիթթիին: Եթե դու օրագիր չունենայիր, ես հիմա հնարավորություն չէի ունենա քեզ ճանաչել և այդքան բան սովորել: Ես կարդում եմ քո գրած ամեն մի տողն ու ապրում քեզ հետ: Քեզ հետ տխրում եմ, քեզ հետ ուրախանում, քեզ հետ ժպտում եմ, ծիծաղում, վախենում, գոռում, ինձ երջանիկ ու դժբախտ զգում: Քո գրած ամեն բառը դիպչում է սրտիս ու տարբեր զգացողություններ պարգևում: Մի պահ մոռանում եմ, թե ես ով եմ, որտեղ ու ինչ ժամանակաշրջանում եմ ապրում ու քեզ հետ հավասար ահը սրտումս մտածում եմ, որ հիմա դռները կբացվեն ու մեզ կձերբակալեն: Ա՛ննը, դու չափազանց ուժեղ ու համարձակ ես: Խոստովանում եմ՝ ես քո փոխարեն չէի կարողանա իմ մեջ այդքան ուժ գտնել ու ապրել այդ մթնոլորտում: Երբ ամեն առավոտ արթնանում ես ահը սրտումդ, երբ ծնողներդ չեն էլ փորձում քեզ հասկանալ, երբ քո ապագան անորոշ է…սարսափելի է: Իսկ դու ամեն օր արթնանում էիր ու փորձում ամեն վայրկյանի մեջ գտնել դրականն ու ապրել: Դու նույնիսկ այդ երկու տարվա ընթացքում հասցրիր սիրել ու իմանալ՝ ինչ է իրական, պարզ ու անկեղծ սերը: Երանի իմանայիր, որ ողջ աշխարհը ճանաչելու է քեզ, երանի իմանայիր, որ քո մտքերը, որոնք հանձնում էիր թղթին, դառնալու էին ոգեշնչման աղբյուր միլիոնավոր տասներեք տարեկան Աննըների համար: Դու կարծում էիր, որ քո մտքերի մասին միայն դու ու Քիթթին եք իմանալու, բայց դու չէիր էլ պատկերացնում, որ օրերից մի օր ողջ աշխարհն է դառնալու քո Քիթթին: Դու չէիր էլ մտածի, որ Ալիետա անունով մի աղջիկ կլինի քո Քիթթին, ով քեզ հետ լաց կլինի, կուրախանա, կսովորի, կտխրի ու քեզ հետ միասին կերազի: Ես խորը ցավ եմ ապրում, երբ մտածում եմ քեզ բաժին հասած ճակատագրի մասին: Ինչո՞ւ պետք է մի բարի ու կյանքով լի աղջնակ դառնար անարդարության ու դաժանության զոհ: Բայց, այնուամենայնիվ, դու ցույց տվեցիր, որ յուրաքանչյուր իրավիճակում պետք է ուժեղ լինել ու չդադարել երազել: Քո խոսքերից հետո ես կյանքին լրիվ այլ աչքերով սկսեցի նայել: Հատկապես քո հենց այս խոսքերը իմ մեջ արթնացրին հավատ ու երազելու ցանկություն. «Պարզապես հրաշք է, որ ես իմ բոլոր հույսերը դեռ չեմ կորցրել: Եվ չէ՞ որ իմ բոլոր հույսերն անհեթեթ ու անիրագործելի են թվում: Բայց ես, հակառակ բոլորի, ամուր կառչում եմ դրանցից, որովհետև հաստատ հավատում եմ, որ մարդը բարի է»: Պարզապես պետք է հավատալ ու լավատես լինել: Շնորհակալ եմ, որ օգնեցիր ինձ լինել ուժեղ ու երբեք չկորցնել հավատն ու հույսը: Ա՛ննը, դու մի փայլուն աստղ էիր, ով ժամանակից շուտ սկսեց երկնքում փայլել, ով արժանի էր երկար տարիներ ապրելու ու իր երազանքներին հասնելու:
Սիրով՝ Ալիետա
Արևիկ Արմենակյան, տասնյոթ տարեկան, Երևան
Սիրելի՛ Աննը Ֆրանկ, քեզ գրում է մեկը, ում սրտին բառերդ հասել ու հասցրել են խորը դիպչել։
Հա՛, հա՛, քո գրած բառերը։ Ինչքան էլ փորձել ես գաղտնիությունը պահել ու ոչ ոքի ցույց չտալ օրագիրդ, ասեմ, որ Միփը գտել ու տարիներ անց Օտտոյին է հանձնել այն, ով էլ, իր հերթին վերամշակելով, հրատարակչության է տվել։ Հիմա դու շարունակում ես ապրել՝ ինչպես և երազում էիր ժամանակին։
Քեզ գրում եմ գիշերը. ինքդ էլ ես խոստովանել, որ գիշերն ավելի բաց ու անկեղծ ենք, ավելի հեշտ ենք արտահայտում այն ինչ զգում ենք, ինձանից էլ դա լավ գիտես։ Այնքան բան կա, որ կուզենայի ասել քեզ, խոսեինք՝ ճամփորդելուց, տարբերվելուց, գեղեցիկ զգեստներից, զգացմունքներից ու հոգևորից։ Թուղթը շատ բանի կարող է դիմանալ, բայց օգնել քեզ սովորել դիմակայելուն նունպես կարող է, համաձայն չե՞ս։ Երբ օրերով զգացածդ ու ապրածդ անշունչ թղթին ես տալիս, այն այդքան էլ անշունչ չի դառնում, նա դառնում է քո մի մասնիկը՝ այն թաքնված Աննան, ում երբեք ոչ ոքի ցույց չես տվել։ Ասում եմ, որովհետև ես էլ իմ օրագիրն ունեմ ու հասցրել եմ փոքրիկ կախվածություն ձեռք բերել գրելուց. հիշողությունները շատ բաներից են թանկ։
Ծանր է գիտակցելը, թե որքան բանի միջով ես հասցրել անցնել, բայց և ուրախ եմ, որ ուժեղ ես մնացել։ Վերջերս կարդում էի մի հիպոթեզի մասին, որը պնդում է թե կյանքից հետո մի գիտակցությունը կարող է տարբեր ժամանակ, տարբեր մարմիններում հայտնվել, ու չեմ էլ պատկերացնում, թե ով կկարողանար քո փոխարեն այդքան լավատես ու աննկուն մնալ։ Գիտես, ուժեղ է նա, ով խավարի մեջ շարունակում է սիրել, դու հաղթե՛լ ես, Աննը:
Հիշու՞մ ես, ուզում էիր դառնալ, այն իդեալական Աննան, ում կկարողանայիր վերածվել, եթե աշխարհում չլինեին մարդիկ. Ընկերներիցս մեկը մի օր ասաց, որ սիրում է ինձ իմ թերություններով հանդերձ ու որ իմ թերություններն ու առավելություններն են կազմում իմ լիակատար «ես»-ը։ Եթե քո թերություններից մեկը վերացնենք, դու այլևս Աննան չես լինի, ուրեմն միգուցե հենց դրա համար է, որ իրական ընկերներն ու հարզատներն այդքան էլ շատ չեն, որովհետև մեզ սիրում են ոչ թե մեր առավելությունների, այլ նաև թերությունների համար, իսկ աշխարհն օգնում է որ գտնենք այդ մարդկանց։ Մենք՝ մարդիկ, բանական էակներ ենք, բայց կան բաներ, որոնց պատասխանը միայն տիեզերքն ունի։ Աշխարհը երկբևեռ է ու երևի հենց դրանում է թաքնված նրա ողջ գեղեցկությունն ու անխոցելիությունը։
Աննը, եթե քեզ տեսնեի, ապա կխոստովանեի որ շատ գեղեցիկ ես։ Չեմ ասում այտերիդ փոսիկների կամ փափուկ մազերիդ համար, ուղղակի այն պատկերը, որը ստեղծվել է իմ ուղեղում շատ սքանչելի ներքին աշխարհ ունի. կարող եմ ենթադրել որ ժպիտդ արևի պայծառություն կունենա։
«Հոգու խորքում երիտասարդներն ավելի միայնակ են», մեզ դժվար է այս աշխարհում, որը մեզանից շատ առաջ մեծահասակներն են կառուցել, բայց եթե ծնվել ենք ու հենց հիմա էստեղ ենք, ուրեմն մենք էլ մեր առաքելությունն ունենք, չէ՞։ Երբևիցե կմտածեիր, թե 13-15 տարեկան աղջկա օրագիրը կարող է 30մլն-ից ավել ընթերցում ունենալ։ Այնպես որ, աշխարհը շատ անկախատեսելի բան է, մեկ էլ տեսար ես էլ մի օր նախագահ դարձա (եթե անկեղծ շատ եմ ցանկանում) ։ «ՀՀ Առաջին կին Նախագահ՝ Արևիկ Արմենակյան», սիրուն է չէ՞ հնչում։ Էնպես որ, հաստատ ամեն ինչ կստացվի, եթե մենք ինչ-որ բան շատ ենք ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է մեր ցանկության իրականացմանը։ Քո երազանքն էլ վաղուց արդեն իրականացվել է, Աննը, ու հուսով եմ, որ քո մեջ հիմա միայն հանգստություն ու խաղաղություն է տիրում։ Հայ նշանավոր գրականագետներից մեկը՝ Լեոն, ասել է, թե պատմության մեջ վաղուց մոռացված է ամբոխը։ Այո՛, որտե՞ղ է այն ամբոխը, որը չի թողնելու, որ աշխարհը անապատ դառնա, կասես դու։ Ես էլ կպատասխանեմ, այդ ամբոխը իմ մեջ է, հարազատիս մեջ է, ընկերոջս մեջ է, պատահական անցորդի մեջ է, մենք ենք այն ուժը, ով ավազի հատիկի փոխարեն ձիթենու թագուհի է կերտելու, ու եթե մի բան էլ զոհենք, կիմանանք որ զոհել ենք հաղթելու համար։ Ես խոստանում եմ քեզ, որ ամեն բան մի օր փոխվելու է, ու աշխարհն ավելի լավն է դառնալու, որովհետև ես էլ եմ հավատում, որ մարդիկ իրենց հոգու խորքում բարի են։
Մանե Հարությունյան, տասնյոթ տարեկան, Կապան
Առավոտը բացվեց ու ես նայեցի պատուհանիցս դուրս։ Երեկվա բավականին ծանր օրվանից հետո չգիտեի այսօր ինչպես եմ երևալու բոլորի առաջ, ինչպես եմ կրկին ժպտալու, երբ ներքուստ ես ինքս չեմ հասկանում՝ ինչ է կատարվում իմ շրջապատում, ինչու են մարդիկ իրենց այդպես պահում ու ինձ մոտ մի հարց է առաջանում․․․միգուցե խնդիրն իմ մեջ է, որ ես ինձ միայնակ եմ զգում մարդկանց ամբոխի մեջ, որ հաճախ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում շուրջբոլորը։ Ու այդ պահին, երբ աչքերս փակ հայացքս սևեռել էի դեպի հեռուները, հիշեցի, որ դու մենակության, տխրության ու վախենալու ժամանակ խորհուրդ ես տվել գնալ դեպի դուրս, դեպի բնության դրախտը, որտեղ հնարավորոււթյուն կա մեր մտքերի ու Աստծո հետ մենակ մնալու։ Աննա, ես դիմում եմ քեզ՝ որպես իմ հասակակից, ով զգացել է նույնը, ինչ այժմ ինքս եմ զգում, ով անցել է դժոխքի միջով, բայց չի կորցրել մարդկանց նկատմամբ հավատը։ Դու քեզ համար ընկեր դարձրիր քո օրագիրը, այժմ խնդրում եմ լսիր իմ ձայնը ու քո փորձով առաջնորդիր։ Համոզված եմ այս զրույցն ինձ կօգնի գտնելու ճիշտ ճանապարհը։
Վերջին ժամանակներում ես նկատել եմ, որ երեխաները չափահաս դառնալիս փորձում են <<համապատասխանել հասարակության գծած ստանդարտներին>> ու կորցնում են իրենց եզակիությունը, անկեղծ լինելու հատկությունը, քանի որ վախենում են մերժված լինելուց։ Հաճախ մենք կորցնում ենք հավատալու, սիրելու ու ապրելու ցանկությունը, երբ դեմ ենք գնում այդ ստանդարտներին, իսկ համակերպվելու դեպքում կորցնում ենք մեր ինքնությունը՝ դառնալով ինչ-որ մի ուժեղ ձեռքի խամաճիկ։Սա նման է հոգեբանական երկընտրանքր, որից ես ելքեր եմ որոնում։ Իմ մտքերն առաջին հայացքից կարող են անհասկանալի ու բարդ թվալ, բայց ես համոզված եմ, որ դու ու քո օրագիրը ՄԵԶ կօգնեք հաղթահարելու այս ամենն ու չկորցնելու մեր հավատը մարդկության նկատմամբ։ Այժմ ես քեզ կպատմեմ մի փոքրիկ պատմություն՝ ողողված իմ զգացմունքային մեկնաբանությամբ։ Հուսամ՝ քեզ դուր կգա։ Խնդրի լուծումը ես գտել եմ քո օրագրի մեջ։
Ես ինձ համար հարազատներ էի որոնում, իսկ նրանց գտնելու պահին չէի կարողանում նրանց վստահել, քանի որ ներքուստ վախենում էի, որ մարդիկ ինձ հասկանալու ու հոգեպես աջակցելու փոխարեն կդասեն թույլ, չկայացած մարդկանց ցուցակին ու ես ուղղակի կարժանանամ նրանց ծաղրանքին կամ էլ արհամարհանքին։ Ես վախենում էի, որ մարդիկ ինձ սխալ կհասկանան, որ ես կհայտնվեմ հասարակության կարծրատիպային շրջանակից դուրս ու կդատապարտվեմ մենակությանը։ Այո՛, ես ունեմ հոգատար ծնողներ, բայց ես չէի կարողանում նրանց հետ քննարկել իմ ներքին աշխարհը։ Ուղղակի հաճախ ես հասկանում եմ, որ գտնվում եմ հոգեկան ու ֆիզիկական զարգացման շրջանում, երբ իմ յուրաքանչյուր գաղափարական սկզբունք կարող է բախվել մի կործանարար պատնեշի, որտեղ ինձ սպասում է հիասթափությունը։ Հաճախ ինձ ասում են, որ շատ փոքր եմ ուրիշներին բարոյականության դասեր տալու համար, բայց միշտ իմ ներսում ինչ որ բան ինձ ասում, որն է տվյալ դեպքում ճիշտն ու որն է սխալը։
Աննա՛, ես 17 տարեկան եմ, բավականին մոտ այն սահմանին երբ մարդիկ իրենց չափահաս են համարում, բայց մինչև այժմ երբեմն ես մարդկանց չեմ հասկանում։ Երեկ ես հարցրի ընկերոջս <<Ինչու՞ ուրիշներին ցույց չես տալիս քո իրական եսը, ինչու՞ ես նրանց մոտ միշտ կոպիտ, ծիծաղում ես, երբ ուզում ես լաց լինել, համաձայնության նշան ես տալիս մի արարքի, որը ներքուստ քեզ համար անընդունելի է>>։ Նա նայեց ինձ ու ասաց։ <<Ես չեմ ուզում մարդիկ ինձ թույլ համարեն, ես ուզում եմ ցույց տալ իմ ուժեղ կողմը աշխարհին>>։ Մենք այդ թեմային այլևս չանդրադարձանք, բայց այդ խոսքն էլ բավական էր հասկանալու, որ հաճախ մենք կորցնում ենք մեր ինքնությունը, եսը, հույզերը, նպատակները, երազանքները, քանի որ վախենում ենք ծաղրանքի ու արհամարհանքի արժանանալու։ Սա էլ երևի խտրականության ժամանակակից տեսակն է, բայց կարող է թողնել նույն կործանարար հետևանքները անհատի վրա։ Այն կարող է մեծ ազդեցություն թողնել մարդկանց հոգեկան աշխարհի ու ձգտումների վրա՝ սպանելով հասարակությանը առաջ տանող երիտասարդության շարժիչ ուժը։ Ես բողոքում եմ այս կարծրատիպային <<մարդու ուժեղության>> դեմ Աննա, իսկ գիտես ինչու՞։
Որովհետև իրական ուժեղ մարդը կարողանում առանց վախենալու ցույց տալ իր երկրորդ եսը։
Որովհետև իրական ուժեղ մարդը կարողանում է լինել անկեղծ ու փորձում է փոխել իր շրջապատը՝ դարձնելով այն ավելի լավը։ Նա հասկանում է ուրիշներին, աջակցում է նրանց, փորձում է տեսնել իր շրջապատի գեղեցկությունը ու երջանկություն ու բարություն սփռել։ Հենց այսպիսի անհատին ես հերոսի կոչում եմ տալիս, որոնցից մեկն էլ դու ես, Աննա՛, քանի որ դու քո օրագրով օգնեցիր ինձ։ Դու ինձ ներշնչեցիր հասարակական պայքարի ոգի ու փոփոխություն մտցնելու ուժ։
Դու ինձ համար ուժեղության ու պայքարի խորհրդանիշ ես, դու երբեք չդադարեցիր հավատալուց, որ մարդկանց սրտի խորքում բարության կաթիլներ կան ու մի օր աշխարհն ավելի լավն է դառնալու։ Ես խոստանում եմ շարունակել քո պայքարը, ես խոստանում եմ դեմ գնալ կարծրատիպային պատնեշներին, ես խոստանում ես սեփական օրինակով օգնել մեր շրջապատը դարձնելու ավելի լավը, քանի որ կյանքի գեղեցկությունը հասնում է իր գագաթնակետին, երբ յուրաքանչյուրը փորձում է կատարելագործել իր շրջապատը։
Արեգ Ալեքսանյան, տասնյոթ տարեկան, Երևան
Բարև սիրելի Աննա,
Ես Արեգն եմ, և շատերի պես ընթերցելով քո պատմությունը չեմ կարողացել անտարբեր մնալ և չգրել այս նամակը, որի միջոցով ցանկանում եմ կիսվել իմ զգացողություններով:
Կարդալով քո օրագիրը և վերլուծելով այն մտորումները, որոնք կազմում են քո օրագրի հիմքը` ես բացահայտում եմ մի հասուն և կայացած մարդու, որը չի վախեցել ունենալ սեփականկարծիքը և արտահայտել ու առաջ է տարել այն: Այն մարդը, որը ունի սեփական «ես»-ը, աշխարհայացքը և պատկերացումները և փոփոխվող կյանքի պայմաններում մնում է աներեր ու կայուն` նա ուժեղ ու հպարտ մարդ է: Եվ նրա դեմ անզոր են բռնությունն ու հալածանքները, իսկ դժվարություններն ու խոչընդոտները հաղթահարելի: Շատ դժվար է հաղորդակից լինել քո օրագրում հետևողականորեն արծարծվող ամենատարբեր գաղափարներին, որովհետև նախ պետք է գիտակցել քո վերապրած փորձությունները, կյանքի անվերջանալի դժվարությունները, որոնք դու հաղթահարել ես` պահպանելով սթափ կշռադատելու ունակությունդ: Եվ հավատա ինձ, որ Աննա Ֆրանկի այն կողմը, որը շատ քչերն են ճանաչել` այսօր ճանաչում է ողջ աշխարհը և շատերի համար այդ Աննան ծառայում է որպես խիզախության, լրջմտության ու անվեհերության օրինակ: Այս Աննան իր ողջ էությամբ հաղթանակած է, նա, լինելով 13 ամյա հասարակ աղջնակ, թողել է իր հետքը պատմության մեջ, դարձել երբեք չհանձնվող ու չընկրկող առաջամարտիկ բոլոր ազգերի սերունդների համար առանց որևէ բացառության: Քո օրագիրը ամբողջական մարմնացումն է տոկուն կամքի, անսպառ հավատի և անշեջ հույսի:
Շաբաթ, 28-ը մարտի, 2020թ.
Սիրելի Աննա,
Ընթերցելով քո օրագրում արտացոլված աշխարհի ու մարդկության խնդիրների, արատավոր երևույթների և մարդկային շփման ու փոխհարաբերությունների մասին վերլուծությունները` ես կրկին հանդիպում եմ քո սուբյեկտիվ կարծիքին, որը միշտ զուրկ է կանխակալությունից, կեղծիքից ու կողմնապահությունից: Ամեն ինչ հանդուրժող թղթին մեկնելով այն ամենը ինչ դու զգացել ես` քո ներզգացողությունը, հավատն ու էությունը դու աշխարհին ցույց տվեցիր անհնար մի սխրանք` դու հաղթեցիր մահին: Մինչև վերջ պահպանելով քո կենսախնդություննու լավատեսությունը` դու չհամակերպվեցիր քեզ բաժին ընկած բախտին ու հաղթեցիր քեզքաջ ծանոթ հունական դիցաբանության ճակատագրի աստվածուհիներին` փոխելով քո ճակատագիրը և քո աստղի հետ մշտավառ պահելով բազմաթիվ այլ մարդկանց աստղերը, որոնք նույն կերպ դատապարտված են եղել դաժան ճակատագրի: Եվ դու պայքարել ես նրանց բոլորի համար: Քո գրչի միջոցով միտքդ ու հոգիդ կատարելության հասցնելով` փրկել ես բոլորին և անցողիկ դարձրել բոլոր մարմնական կտտանքներն ու կեղեքումները, որոնք միգուցե հալածել են մարմինը, բայց անզոր են եղել եղծելու երազկոտ ու անաղարտ հոգին։
Կիրակի, 29-ը մարտի, 2020թ.
Սիրելի Աննա,
Անհնար է թղթի միջոցով փոխանցել այն բոլոր զգացողությունները, ինչպես դու ես կարողացել քո ողջ էությամբ գտնել ներդաշնակությունդ քո անդավաճան ընկեր Քիտտիի հետ: Բայց այն ժառանգությունը, որը դու թողել ես քո օրագրի էջերում անգին են մարդասիրական նկատառումների ամրապնդման, ցեղասպանության կանխարգելման ու բացառման համար: Եվ ով կմտածեր, որ դեռատի այդ աղջիկը կարող է նման մեծ ներդրում ունենալ անարդարության ու այլատյացության դեմ մղվող պայքարում: Եվ ով կմտածեր, որ բարբարոսները` թալանելով ողջ հարստությունը կանտեսեն կաշվե օրագիրը, որը պետք է փրկվեր և դառնար անգին մատյան ու հավերժ վկա, որն իր մեջ կրելով ընդամենը մի կյանքի պատմություն ամբողջացնելու էր բոլոր հոլոքոստի զոհերի հիշատակը: Իսկ, այսօր արդեն փաստ է, որ շատ շատերի համար հենց այդ օրագրի գլխավոր հերոսուհու` Աննա Ֆրանկի որևէ բռնություն ու խտրականություն չհանդուրժող խառնվածքն է համարվում ցեղասպանության ու մարդու դեմ այլ հանցագործությունների պայքարի խորհրդանիշը:
Եվ այդ պայքարում Աննա՛, դու առաջնորդում ես ողջ քաղաքակիրթ հանրությանը, որը հանուն քեզ և մյուս անմեղ նահատակների կազմել է մի ամբողջություն ու էլ երբեք թույլ չի տա նմանօրինակ վայրագություն մարդու հանդեպ: Դե ինչ, սիրելի Աննա, ես փորձեցի հասկանալ քո խորհրադավոր կերպարը, վերապրել քո անարադարացիորեն կարճ, բայց բովանդակալից պատմությումը և իմ կարծիքով մենք շատ հարցերում համակարծիք ենք ու միասնակամ, որովհետև իմ գենի պատմությունը նույնպես լի է տառապանքներով ու ցավերով և մենք, կարծում եմ, հին բարեկամներ ենք:
Գայանե Մակարյան, տասնյոթ տարեկան, Տավուշի մարզ, Չինարի
Կուզենայի հանդիպել, խոսել, լսել քեզ, ծանոթանալ այն նույն խանդավառությամբ ու հետաքրքրությամբ լի, ինչպես ես կարդում եմ քո օրագիրը։ Ոմանց համար այն հասարակ գիրք է, ոմանց համար 13-ամյա աղջնակի մտքերի ու հույզերի շտեմարան։ Իսկ ինձ համա՞ր․․․ Դու և քո օրագիրը դարձաք իմ մենակությունը կիսողները, ինձ օգնողները ՝ ձեր կամքից անկախ։ Քո օրագրի հերոսները նույնպես ինձ համար օրինակ են, ոմանք սիրելի, ոմանք էլ, դե․․․ ինձ համար բացաական կերպարներ էին։
Սիրելի Աննը, ոչ բոլորին է հատուկ այդ տարիքում դիպչել մարդու սրտին, առանց հանդիպելու դառնալ նրան հոգեհարազատ և սիրելի։
Աննը, ընկերուհիս, շնորհակալ եմ, որ ինձ օգնեցիր, որ ցույց տվեցիր ինձ պայքարող ու չհանձնվող մարդու կերպար։ Գիտե՞ս , մենք այնքան նման ենք, երկուսս էլ դժվարությամբ ենք լեզու գտնում գրեթե բոլորի հետ, շփվում տարբեր անհատականությունների հետ։ Մեր կյանքում քիչ չեն կոնֆլիկտները, տարաձայնությունները, բայց մենք չենք հուսահատվում։
Քո օրագիրը կարդալիս ես կարծես երկխոսության մեջ լինեմ, զրուցեմ քեզ հետ։ Քո ստեղծագործության մեջ ապրում է քո կենդանի ոգին, որը, վստահ եմ, կապրի հավետ։
Մի բան էլ ասեմ ՝ դու ոգեշնչել ես ինձ և ես նույնպես ունեմ իմ օրագիրը։ Դու կարողանում ես մարդկանց վրա ունենալ լավ ազդեցություն և հավատ ներշնչել։
Շնորհակալություն, որ կաս, շնորհակալություն կողքիս լինելու համար։
Գառնիկ Գալստյան, տասնհինգ տարեկան, Գյումրի
Աննա կուզենամ այս նամակով անկեղծ զրուցել քեզ հետ ինչպես կզրուցեի մտերիմ ընկերներոջս հետ, նույնիսկ ավելի անկեղծ որովհետեւ կարծես զրուցում եմ ինքս ինձ հետ մտքերս հանձնելով թղթին՝ ինչպես դու արեցիր տարիներ առաջ:
Շատերը քո օրագիրը ընդունում են որպես հերթական սովորական դեռահաս աղջկա օրագիր, որը ներկայացնում է ամենօրյա կենցաղային կյանք ուղղակի այն տարբերությամբ որ մեկուսացված է դրսի աշխարհից: Բայղ նախ եւ առաջ ես քո օրագրի արժեքը գնահատում եմ նրանով որ այն պատմական փաստ է եւ մարդկային մի ամբողջ ողբերգության ապացույց: Դու ներկայացնելով քո ապրելակերպն ու զգացմունքները քո մեջ ներառել ես մի ամբողջ ժողովրդի նույնիսկ չգիտակցելով այն:
Մենք կարդում ենք գրքեր տարբեր մարդկանց ու անհատականությունների մասին եւ յուրաքանչյուրս փորձում ենք մեզ գտնել այս կամ այն հերոսի մեջ, նմանեցնել մեզ նրան եւ ինչ-որ բաներ սովորել, եւ գրողի նպատակն էլ միշտ դա է լինում, բայց դու արել ես դա անգիտակցաբար եւ դա էլ հենց քո օրագրի բանալին է:
Տարբեր տարիքային խմբերի մոտ դու ընդունվում ես տարբեր ձեւերով եւ դա բնական է, եւ երբ զրուցել եմ տարբեր մառրկանց հետ քո մասին, լսել եմ նրանց կարծիքները ինձ թվացել է թե ես բոլորի պես մտածել եմ եւ բոլորի մտածածը մտքովս անցել է: Բայց այսքան ժամանակ միայն մի կարծիքի հետ չեմ համաձայնել եւ նույնիսկ չեմ էլ փորձել վերլուծել այն կարծիքը թե դու ուղղակի մի կամակոր դեռահաս աղջնակ էիր ով անընդհատ իր ցանկություններն էր հայտնում եւ չէր հասկանում ոչ մեկի: Դա ինձ համար կատարյալ անհեթեթություն է, եւ ըստ իս այդպիսի կարծիքներ հայտնողները արժանի չէին նույնիսկ քո օրագիրը կարդալու: Լինի դա կամակորություն, երեխայություն, միամտություն, զգացմունքների պոռտկում, պահանջկոտություն թե այլ բան դա պարզամտություն չէ, այլ ճիշտ դրա հակառակը: Գիտես ինչ, պարզամիտ են հենց այն մարդիկ ովքեր այդպես են ընկալել: Հա իրոք, այդ պայմաններում դու ստեղծել էիր քո գեղեցիկ եւ զգացմունքային աշխարհը որը դժվար էր այդ պայմաններում երբ կողքիդ համարյա ոչ մեկը չկար որ լիարժեք ընդուներ այդ աշխարհը: Դու փորձում էիր դրա շնորհիվ քեզ հետ ապրողներից յուրաքանչյուրին գոնե ինչ-որ չափով ազատել այդ նողկալի իրականությունից՝որքան էլ դա դժվար լիներ: Դու ընդունում էիր այն իրական աշխարհը որտեղ ապրում էիր, բայց չէիր թողնում որ այն քեզ խեղդի իր ճիրաններում: «Ա՜յ քեզ հերոսություն» շատերը կասեն, «Ես էլ կարող եմ անջատվածի նման ապրել՝ ձեւացնելով թե անտարբեր չեմ եւ անել այնպես ինչպես ուզում եմ»: Իսկ ես կկանգնմ այդ շատերի դիմաց եւ կասեմ որ նրանք չարաչար սխալվում են եւ որ դու չէիր հեռացել ռեալիզմից, դու հիմար չէիր, դու ուժեղ էիր այդտեղ գտնվողներից յուրաքանչյուրից եւ ի տարբերություն մյուսների դու հասկանում էիր բլորին եւ ի ցավ քեզ նրանք չէին հասկանում քեզ, կամ փորձում էին հասկանալ՝թեեւ շատ մակերեսորեն:
Գիտես շատ հաճախ ինքս ուզում եմ դուրս գալ եւ գոռալ բոլորին որ դուրս գան իրենց այդ հիմար իրականությունից եւ գոնե ինչ-որ ժամանակ փորձեն ապրել այն երազով որոնց մասին իրենք շատ են մտածել, բայց միշտ խուսափել են՝ վախենալով որ այդ իրենց հիմար իրականությունը կխանգարի կամ հասարակությունը կնախատի: Իսկ դու այդ ժամանակաշրջանում նույնիսկ գրել էիր քո մարմնական ցանկությունների մասին, որը շատ բնական է եւ գեղեցիկ: Գիտես ինչու եմ այդպես ասում, որովհետեւ մարդիկ հիմա այնքան են վախենում իրականությունից որ նույնիսկ իրենք իրենց սեփական զգացողությունների ու մարմնի մասին են վախենում խոսել (նույնիսկ իրենք իրենց հետ): Ապշելու է չէ՞: Ես էլ եմ զարմանում: Մի խոսքով ես էլ նամակը սկսելուց չէի մտածում որ այսպիսի ընթացք կստանա այն բայց ուզում եմ ասել շնորհակալ եմ քեզանից չվախենալու համար, պայքարելու համար, չհանձնվելու համար, քանզի երբեք չհանձնվողներին է տրված վայելել այս կյանքը:
Էլեն Մուշեղյան, տասներեք տարեկան, Երեւան
Ողջու՜յն սիրելի Աննա ես վերջերս իմացա քո մասին։ Կարդացի քո օրագիրը եւ բնութագրել այն էմոցիաները, որ ստացա անկարող եմ։
Ես էլ եմ 13 տարեկան ու համեմատելով իմ ներկայիս կյանքը,որ ամեն մի փոքր բանից նեղսրտում եմ, հասկացա, որ քեզ պես փոքրիկ աղջնակը կարողացել է այդ ամենին դիմանալ չկոտրվել։ Կարդալով քո օրագիրը ես մտածում էի, որը գրված էր շատ հմուտ ու զարմանում էի, որ այս ամենը երեխա է գրել։ Չնայած այն ամենին, ինչ քեզ հետ եղավ, որ դու ընտանիքում ունեիր այդքան խնդիրներ եւ ինչի միջով, որ դու անցար, բայց մեկ է քո մեջ կար ինչ որ տարօրինակ հույս, կայծ։ Չկորցնելով քո միակ հույսը դու միշտ ամուր կանգնած էիր։ Աններելի է, որ լինելով դեռ անմեղ երեխա դատապարտված էիր։
Կարդալով քո օրագիրը ես հասկացա, որ մեր առօրյա խնդիրները այնքան փոքր են քո խնդիրների համեմատ։ Մենք միշտ մտածում ենք, որ մեզ հետ միշտ շատ վատ բաներ են կատարվում, եւ, որ դրանք անհաղթահարելի են, բայց մոռանում ենք, որ մեզանից տասնյակ տարիներ առաջ մարդիկ կռվել են իրենց մահվան դեմ, սեփական հայրենիքը, տունն են լքել, ամիսներով թաքնվել, շատերն էլ զոհ գնացել։
Ո՞վ է որոշել, որ ազգային պատկանելությունից, կրոնից ելնելով պետք է բնաջնջել։ Մենք բոլորս Աստծո արարածներ ենք ու իրավունք ունենք ապրելու։
Մարդիկ երբեմն շատ դաժան են վարվում մոռանալով, որ ինչ մենք զգում ենք նույնը զգում է մեր դիմացինը, ու չպետք է ցավեցնել։ Աննա ես վստահ եմ, որ եթե դու ապրեիր մեր օրերում դու հաստատ քո փոքրիկ տեղը կգտնեիր այս երկրագնդի վրա։ Իսկ քո օրագիրը ի ցույց դրեց աշխարհին, թե ինչերի միջով է անցել երեխան ու ստիպեց մարդկանց մտածել քայլերի մասին։ Մի աղջիկ, որ աշխարհ էր եկել վայելու կյանքը, մանկությունը, բայց նրա ճակատագիրը ուրիշ էր կյանքը դառը նվերներ էր տալիս, բայց մեկ է նա մնում էր նույն կենսուրախ՝ լավատեսությամբ ապրող աղջնակը։
Աննա քո կյանքի պատմությունը եւս մեկ անգամ մարդկանց մտածելու տեղ է տալիս, որ մարդիկ փոքր ինչ բարիանան սիրեն միմյանց՝ անկախ ազգությունից, կրոնից, սեռից, մաշկի գույնից։ Մարդիկ փորձելով կառավարել ինչ-որ մեկի ճակատագիրը պարզապես իրավունք չունեն՝ զրկելու կյանքից, օդից, արեւից ապրելու իրավունքից։ Մենք բոլորս հավասար ենք, մեզ արարողը մեկն է։ Աննա քո այս դաժան պատմությունը մարտահրավեր էր, ո՛չ պատերազմին, ո՛չ չարությանը, ո՛չ մահապատժին, ո՛չ ատելությանը։ Մարդիկ կարդալով եւս մեկ անգամ պետք է համոզվեն, որ խաղաղությունը, բարիությունը սերը դրանք այն արժեքներն են որով պետք է առաջնորդվել։
Հովհաննես Հովհաննիսյան, տասնյոթ տարեկան, Արագածոտնի մարզ, Նոր Ամանոս
Հուսով եմ, որ կկարողանամ մտքերս ամբողջությամբ թղթին հանձնել, հուսով եմ, որ Աստված ինձ զորավիգ կլինի:
Երեքշաբթի, 28-ը ապրիլի 2020 թ.
Սիրելի Աննը.
Միանշանակ իրավացի ես ՝ «Թուղթն ամեն բան հանդուրժում է», և ես նույնպես կփորձեմ շարժվել քո այս կանոնով:
Աննը երբ կարդացի քո և ընտանիքիդ պատմությունը ( առհասարակ բոլոր հրեա ժողովրդի դրությունը այդ ժամանակներում )և տեսա որ հնարավորություն ունեմ քեզ նամակ գրելու, անմիջապես սկսեցի մտածել, թե ինչպես կարդամ քո գիրքը: Չէի ուզում ինչ-որ նեղություն պատճառել որևէ մեկին ՝ գնելու գիրքը: Եվ սկսեցի որոնել այն համացանցում , երկար որոնումներս իրենց արդյունքը տվեցին, գտա և սկսեցի կարդալ:Որքան գեղեցիկ էր ամեն ինչ, որքան հուզիչ, որքան ազնիվ ու անկեղծ: Բայց հավատա այնքան դժվար էր այն կարդալ հեռախոսով: Ես պետք է շտապեի, որովհետև մինչև ամսվա վերջ պիտի ուղարկեի քեզ իմ նամակը:Եվ ինչպես տեսնում ես ցանկությունս ավելի համառ գտնվեց, չնայելով ոչ մի դժվարության ես կարդացի, ահա այսօր ապրիլի 28-ն է, և ես քեզ նամակ եմ գրում:
Շնորհակալ եմ Աստծուն…
Չորեքշաբթի, 29-ը ապրիլի 2020 թ.
Սիրելի Աննը.
Եթե մարդ ունի գեղեցիկ և լավ ընտանիք, արդեն իսկ օրհնված է Աստծուց, և դու օրհնված ես…
Մեծ հպարտություն է ունենալ գրագետ , համերաշխ ընտանիք, դա ազգի հայելին է, և հենց քո ընտանիքի միջոցով կարողացա այսպիսի լավ կարծիք կազմել հրեա ժողովրդի վերաբերյալ: Սիրելի Աննը, կարծում եմ ընտանիքն առանց վեճերի չի կարող կառուցվել, դրանք սովորկան են և պարբերական…Դու ճիշտ ես Աննը, մեծերը մեզ երբեք չեն հասկանա , իսկ եթե հասկանան էլ ապա ոչ լիարժեք, և նույնն էլ մենք, մենք չենք կարող լիարժեք հասկանալ նրանց, նրանք ունեն իրենց աշխարհը,իրենց մտածելակերպը, այն մեզ համար խորթ է: Հասականում եմ քեզ, ընկերներ մենք շատ ունենք, որոնց հետ կարող ենք ուրախանալ և խենթություններ անել , բայց մեզ անհրաժեշտ է այնպիսի մեկը, ով կհասկանա, որ իրական ընկերությունը պահանջում է լիարժեք նվիրում, սեր և փոխադարձ վստահություն: Աննը, կարող ես պատկերացնել թե որքան եմ նախանձում Պետերին, ա՜խ…եթե ինձ բախտ վիճակվեր լինել Պետերի փոխարեն, ես ամբողջությամբ կնվիրվեի քեզ, կվստահեի քեզ իմ բոլոր գաղտնիքները, անհագ կզրուցեինք, կպատմեինք այն ամենը ինչ կատարվում է մեր ներսում և որը, որ այդքան անհասկանալի և անընդունելի է մեծերի կողմից:Եվ միայն այդ ժամանակ երկուսս էլ կունենայինք իսկական ընկեր:
Սիրելի Աննը.Աստծուն շնորհակալություն եմ հայտնում, որ քո գիրքը հեռախոսով կարդացի, որը բավականին երկար տևեց, քանի որ դժվար էր և վնասակար աչքերին, այդ ամբողջ ժամանակ ես կարողացա ընկերանալ քեզ հետ և հիմա տեսնում ես անկաշկանդ գրում եմ բոլոր մտքերս: Իսկ եթե կարդայի գրքով այն կտևեր ընդհամենը մի քանի օր, և դժվար թե կարողանայի մի քանի օրում ընկերանալ քեզ հետ: Աննը, մասամբ հասկանում եմ թե որքան դժվար է տանը փակված մնալ այդքան երկար ժամանակ, ես նույնպես փակված եմ տանը, ինչպես դու և ինչպես հիմա բոլորը, ես նույնպես չեմ կարող գնալ դպրոց, հանդիպել ընկերներիս, չեմ կարող ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, բայց սա ընդհամենը մոտ երկու ամիս:Պատկերացնում եմ թե որքան երջանիկ կլինեիր, որ ընդհամենը երկու ամսով փակված մնայիր, երկու ամիսը շատ չնչին ժամանակահատված է երկու տարվա դեմ, պատկերացնում եմ թե որքան դժվար է, երբ սիրում ես բնությունը, բայց ստիպված ես տանը մնալ, երբ սիրում ես զբոսնել, բայց չես կարող, սարսափելի է…Բայց հասկանալ չեմ կարող, որովհետև ես գյուղացի եմ, և բոլոր գյուղացիները հիմա շատ ավելի երջանիկ և բախտավոր են քան քաղաքացիները, ինչպես որ դուք ավելի բախտավոր եղաք համեմատծ այն բոլոր հրեաների, ովքեր պատերազմի սկզբներին արդեն իսկ կոտորվում էին:Բայց Աննը, երևի կհամաձայնես ինձ հետ, յուրաքանչյուր մենայնություն մարդուն դարձնում է շատ ավելի հասուն, գիտակից, հավասարակշռված : Եվ ինչպես որ դու էիր ասում ՝ 1942 թվականի Աննըն ընդհանրապես նման չէ 1944 թվականի Աննըին, այնպես էլ ես, երկու ամիս առաջ ես ուրիշ մարդ էի:
«Ուզում եմ մահվանից հետո էլ ապրել», սիրելի Աննը շնորհավորում եմ և միևնույն ժամանակ Աստծուն շնորհակալություն եմ հայտնում, որ կատարել է քո ցանկությունը: Դու շարունակեցիր ապրել քո օրագրի շնորհիվ, քո օրագիրը դարձավ բոլորինս, այն ապրում է և փոխանցվում սերնդե սերունդ, ամեն անգամ հիշեցնելով ձեր վիշտն ու տառապանքը:Սիրելի Աննը ես էլ քեզ պես հավատում եմ, որ մարդը բարի է, իսկ նրանք ովքեր վայրագության աստիճանի վատ բաներ են անում նրանք մարդ չեն, այսինքն արտաքնապես ունեն մարդկային կառուցվածք , իսկ հոգեպես նրանք փոքրհոգիներ են, ովքեր հաջողության են հասնում մարդկային կյանքեր խեղաթյուրելով:
Աննը, հայերը և հրեաները ցեղասպանություն տեսած ժողովուրդներ են, բնականաբար մենք՝ հայերս, նույնպես հասկանում ենք ձեզ: Սա 20-րդ դարի առաջին և երկրորդ խոշոր ցեղասպանություններն են:Ուղակի զարհուրելի է, թե ինչպես կարող են մարդիկ որոշել, որ այս կամ այն ազգը չպետք է այլևս ապրի երկրի վրա:Ինչու՞ են իրենք իրենց մեջ ատելություն սերմանել մեր հանդեպ, և մենք տեսանք, որ ատելությունը պատերազմներ է ծնում, բայց միայն սերն է որ կարող է փրկել աշխարհը:
Աննը, որքա՜ն բարի ես դու, ազնիվ, խելացի, համեստ: Որքան գեղեցիկ ունակություն է , երբ մարդ կարողանում է ինքնադիտել իրեն, դուրս հանել սխալները և փորձել ուղղել: Ինչքան լավ է երբ մարդ խելամիտ և հասուն լինելով, կարող է նաև լինել կենսուրախ: Աննը, շնորհակալ եմ քեզ, շնորհակալ եմ որ թույլ տվեցիր մտքերս կիսել քեզ հետ, շնորհակալ եմ որ ընկերացար ինձ հետ:
Ե՛կ չհիասթափվենք և շարունակենք հաստատ հավատալ որ մարդը ԲԱՐԻ է…
Աստված պահապան բոլոր հայերին և հրեաներին…
Մարիա Ծատուրյան, տասնչորս տարեկան, Երևան
Բարև, Աննը՛։ Գիտեմ՝դու սա չես կարող կարդալ, բայց ուզում եմ ասել քեզ, որ դու հասար քո երազանքին՝ դարձար հայտնի գրող։ Դու կարծում էիր, որ պատերազմի ավարտից հետո կգրեիր գրքեր և այդ գրքերի շնորհիվ կդառնայիր հայտնի գրող, բայց ոչ։ Քո օրագրի շնորհիվ ստացար այն համբավը, որը քո մանկական երազանքն էր։
Այո՛, հենց ա՛յն օրագրի շնորհիվ, որտեղ Աննըն նկարագրում էր իր առօրյան, զգացմունքները, ուրախությունները, հույսերը, գաղտնիքները։ Այլ կերպ, Աննըն օրագրին տալիս էր իր աչքերը, որպեսզի օրագիրն իր ձևով տեսներ շրջապատը, իր ականջները, որպեսզի լսեր և ընկալեր, ինչպես նա, իր միտքը, որպեսզի մտածեր, ինչպես մի երիտասարդ աղջիկ, ով չէր կարող ազատ ծիծաղել, դուրս գալ, շփվել ընկերների հետ։
Ուզում եմ քեզ ուրախացնել. դու կարողացար փոխվել և դառնալ այն Աննըն, որը ցանկանում էիր լինել։ Կամ էլ փոխվել է մարդկանց մտածողությունը: Նրանք սկսել են իրադարձություններին նայել այլ տեսանկյունից՝ տեսնելով մարդկանց լավ կողմերը։ Ինձ թվում է՝ ես մտածում և խոսում եմ հոգեբանի կամ փիլիսոփայի նման, սակայն դա ինձնից կախված չէ։ Հարցը նրանում է, որ երբ երկու մարդ մտածում, զգում, խոսում են նույնանման , նրանց միջև մի այնպիսի կապ է առաջանում, որը ստիպում է խոսել առանց հասկանալու։ Այո՛, ասածս այն է, որ երկուսս իրար շատ նման ենք, և ոչ միայն ես ու դու, այլ նաև շատ դեռահասներ։ Գուցե քեզ նեղացրի՝ քեզ դուր չի գալիս նման լինել մյուսներին, դու սիրում ես լինել յուրօրինակ։ Բայց հավատա` դու էլի յուրօրինակ ես, քանի որ չկա այլ Աննը Ֆրանկ, ով ուներ բազմաթիվ երկրպագուներ, սակայն ոչ մի իրական ընկեր, ով ստիպված է եղել երկու տարի փակված լինել մի շինության մեջ և չկարողանալ դուրս գալ, վազվզել, խաղալ։
Աշխարհում միլիոնավոր մարդիկ ունեն շագանակագույն աչքեր, փոքր քիթ, արտահայտված շրթունքներ, երկար դեմք, բայց նրանք տարբեր են։ Գիտես՝ մինչև քո օրագիրը կարդալը ես մտածում էի, որ խելագար եմ կամ նման մի բան։ Բայց օրագիրդ կարդալուց հետո հասկացա, որ այդպես չէ։ Ազնիվ կլինեմ` չեմ կարծում, որ դու իդեալական ես։ Ինձ թվում է՝ դու էլ նույնն ես մտածում։ Դե ինչ,աշխարհում ոչ-ոք իդեալական չէ ու պետք էլ չէ լինել իդեալական։ Ուղղակի պետք է լինել այսօր ավելի լավը, քան՝ երեկ։ Ու ես քեզ նման սկսում եմ քննադատել ինձ, երբ այդ ավելի լավը չի ստացվում։ Օրինակ՝ ինձ խոսք եմ տալիս լինել ավելի համբերատար, հանգիստ, բայց հունից դուրս եմ գալիս, որի համար հետո ինձ մեղադրում եմ։ Բայց մեր մեջ մի տարբերություն կա, դու շատ ավելի համբերատար էիր, քան ես:Երկու տարի փողոց դուրս չգալ, չզգալ քամու մեղմությունը և միաժամանակ՝ անսահման ուժը, չշնչել օդի թարմության բուրմունքը, չլսել անցորդների խոսակցությունները…
Որքան համբերություն, որքան սպասում, որքան ուժ էր հարկավոր դիմանալու համար։ Իսկ այդ ազատության կարոտին միաձուլվել էին տանը տեղի ունեցող վեճերը, կշտամբանքներն ու խրատները։ Դու իսկապես չմարող հույսի և անսահման համբերատարության խորհրդանիշն ես։ Ահա, սա է պատճառը, որ դու չմոռացվեցիր, այլ՝ մնացիր պատմության էջերում, որպես մի դեռահաս, ով փորձում էր գոհացնել շրջապատի մարդկանց և իրեն՝ դիմակայելով կյանքի փորձություններին։ Եվ ամենակարևորը, դու չէիր վախենում, որ նախաճաշին կամ ճաշին, երբ սեղանի մոտ վիճաբանություններ էին լինում քաղաքական թեմաներով, ոստիկանների մի խումբ կներխուժեր ապաստարան, կձերբակալեր բոլորին և կաքսորեր տարբեր ուղություններով։ Չէիր վախենում, որ գիշերը կքնեիր և առավոտյան՝ ռմբակոծություններից չէիր արթնանա։
Դաժան բան է պատերազմը, ջարդը, կոտորածը։ Հազարավոր անմեղ մարդիկ մահանում են ոմանց քմահաճույքների համար։ Մի՞թե արդարացի է՝ իհարկե ոչ։ Արդարացի չէր նաև հազար իննը հարյուր տասնհինգ թվականի հայոց ցեղասպանությունը։ Իմ նախնիները տանջվել, հալածվել, մահացել են ամենադաժան կերպով, ինչպես դուք։ Ինչո՞ւ պիտի դու, Մարգոն ու Պետերը այդքան վաղ տարիքում հայտնվեիք մահվան ճանապարհին։
Միակ փրկվածը հայրդ էր, նրա շնորհիվ օրագիրդ գտնվեց ու հրատարակվեց։ Մենք շնորհակալ ենք Միպին այդ արարքի համար։ Ու շնորհակալ ենք քեզ, որ գրեցիր քո օրագիրը, քո կյանքի մի մասը, քո գիրքը…
̶Ք̶ո̶ ̶ե̶ր̶կ̶ր̶պ̶ա̶գ̶ո̶ւ̶ Քո իսկական ընկեր՝
Մարիա
Մելանյա Բադիկյան, տասներեք տարեկան, Գյումրի
Սամվել Կարապետյան, տասնվեց տարեկան, Գյումրի
Բարև, Աննը։ Երբեք չեմ կարողացել նամակներ սկսել։ Տարօրինակ զգացմունք է գրել այն մարդուն, ով հեռացել է աշխարհից՝ թողնելով միայն հուշեր։ Դու այդ հիշողություններով ապրում ես քո ընթերցողի հոգում։ Բառերով նկարագրել քո անցած ուղղին գրեթե անհնար է, քանզի տառերը լուռ են զգացմունքներ փոխանցելու կարևորագույն գործում։ Իմ այս համր նամակում ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ։ Այն եզակի մարդկանցից ես, ով կարողացել է դիմանալ կյանքի կործանարար փոթորիկներին։ Ուժեղ ես, Աննը, քանզի քո օրինակն այսօր էլ է ոգեշնչում բազմաթիվ մարդկանց։ Դու քաջ էիր, դու քաջ ես… Անգամ մահից հետո շարունակում ես քո գործը՝ բացահայտելով իրական ազատության գաղափարը։ Իսկ ի՞նչ է ազատությունը։ Թաքստոցային կյանքը, սառնասիրտ մարդիկ չեն կարող զրկել մեզ աստվածատուր ամենամեծ շնորհից։
Ցավում եմ, որ հիմա ևս կան երեխաներ, որոնք չեն ճանաչում ազատ կյանքը։
Նայիր մեր խեղճ մոլորակին, որը հազարավոր տարիներ լողում է սառը տիեզերքի աստղալից ալիքներում։ Ի՜նչ հրաշալի տեսարան է, չէ՞։ Ինչու՞ չենք կարող բավարարվել հավերժությամբ՝ միմյանց նվիրելով երջանկություն, սեր, աջակցություն։
Գիտե՞ս, երբ ընթերցում էի օրագիրդ, զգում էի քո հույսի շունչը, որ օրերից մի օր այս պարերազմը կավարտվի։ Զգում էի նաև քո վախը, որը ծնվել էր բացահայտվելու վտանգից։ Ա՜խ, որքան եմ ափսոսում, որ այդ վախդ դարձավ իրականություն։ Բայց մի անհանգստացիր, քանզի դու ճանապարհորդում ես քո ընթերցողների հետ ներկայիս աշխարհում։ Այժմ պատերազմները քիչ են, գուցե դա սուտ է, բայց ես ամբողջ սրտով ցանկանում եմ հավատալ այդ ցնորքին…
Անշուշտ, գիրքն ընթերցելու համար անհրաժեշ է իմանալ գիր, սակայն զգացմունքներն հասկանալու համար պետք է ունենալ հոգի։ Անչափ շնորհակալ եմ, որ դու նվիրեցիր մեզ պատմություն, որտեղ ցայսօր սավառնում է քո պատանեկան հոգին։
Աննը, հուսով եմ, որ ամեն ինչ լավ է, հուսով եմ, որ այնտեղ, հեռուներում դու գտար քո երջանկությունն ու հանգիստը։
Իսկ հիմա եկ հուսանք, որ յուրաքանչյուր պատերազմ ավարտվելու է…
Տաթև Հովհաննիսյան, տասնվեց տարեկան, Երևան
Չորեքշաբթի, 10-ը մարտի, 2020 թ․
Իմ ամենասիրելի՛ Աննը,
Կարծում եմ` ովքեր ընթերցում են քո օրագիրը, պատկերացնում են, որ նամակներն ուղղված են իրենց։ Ես էլ բացառություն չեմ։ Կարդալու ընթացքում ես քեզ հետ զրուցում էի քո նամակների միջոցով (ցավոք, իմ խոսքերը քեզ չէին հասնում)։ Գիտեմ, որ չես կարդալու նամակս, բայց դա ինձ ետ չի պահում։ Իհարկե’, ես քեզ պես գրել չեմ կարող, բայց կարծում եմ, որ կհավանեիր։ Քո օրագիրը կարդացել են միլիոնավոր մարդիկ, միլիոնավոր մարդիկ մտածել են, որ նամակներն ուղղված են իրենց, բայց քանզի նամակի հեղինակը ես եմ, ես ուզում եմ պատկերացնել, որ հասցեատերը միայն և միայն ես եմ։ Ինձ վրա կվերցնեմ մեծ պատասխանատվություն՝ պատասխանել Կիտտիի անունից։
Սիրելի՛ Աննը,
Դու ինձ ուղղել ես բազմաթիվ նամակներ (և կարծում եմ շատ անգամներ սպասել իմ պատասխանին), բայց, ցավոք, ես այն ժամանակ ունակ չէի քեզ պատասխանելու։ Ահա և իմ սպասված պատասխանը։ Ես ցավով եմ հիշում այն տողերը, որտեղ պատմում ես քո նպատակների, երազանքների, զգացմունքների և հույզերի մասին։ Չեմ ուզում և չեմ կարող մտածել այն մասին, որ այդ ամենն իրականություն չի դարձել։ Այս ամենը գրում եմ՝ արցունքներն աչքերիս (ծիծաղելի է պատկերացնել, թե ինչպես է արտասվում օրագիրը)։ Բայց անչափ ուրախ եմ, որ այդ դժվարին իրավիճակում չէիր կորցրել սիրահարվելու, բարու հանդեպ հավատի և սովորական տասնչորս տարեկան աղջկա կյանքով ապրելու ունակությունը։ Գիտեմ, որ շատ ժամանակ քեզ միայնակ ես զգացել։ Ավա՜ղ, այդ ժամանակ չէի կարող սփոփել քո վիշտը։ Սիրում եմ, կարդալ այն հատվածները, որտեղ մեծ հավատով և անսահման բարությամբ արտահայտվում ես մարդկության մասին, ովքեր վայրի գազանի սառնասրտությամբ և դաժանությամբ էին վարվել քեզ և այն մարդկանց հետ, ում դու սիրում էիր։ Նրանք ուղղակի մարդակեր գազաններ են․․․ Օհ՜, աչքիս առաջ են գալիս այդ տարիների հրեաների թշվառ կյանքի տեսարանները․․․ ուղղակի սարսափելի է։ Համենայն դեպս նրանք արժանի չեն, որ իրենց մասին խոսենք։ Ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ցուցաբերել են անսահման քաջություն, ձեզ օգնելով, աչք փակելով այն զարհուրելի պատժի վրա, որին կարժանանային, երբ բացահայտվեր ձեզ թաքցնելու գաղտնիքը։ Մի՛պ, Բե՛պ, պարո՛ն Կուգլեր և պարո՛ն Կլեյման, երախտապարտ եմ ձեր արիության համար, դուք իսկական հերոսներ եք։
Առաջին սեր․․․ Չքնաղ բան է։ Իսկ Պետերը․․․ Օ՜հ, Պե՛տեր։ Որքա՜ն հիասքանչ են այդ դրվագները քո օրագրում։ Չես պատկերացնում՝ ինչքան երջանիկ եմ քեզ համար։ Պետերն իսկապես շատ լավ ընկեր է (և կողակից)։ Սփոփում էիք իրար, լրացնում հավատարիմ ընկերոջ պակասը։ Այնքա՜ն քնքշություն։ Այս բիրտ, դաժան, անողորմ աշխարհում լուսավոր մի կետ։ Առաջին սիրո չնաշխարհիկ, անպիղծ օրինակ։ Առաջին համբույր։ ․․․․Երեք օր մինչ ազատագրումը․․․. 1945 թ․ մայիսի 5․․․ բարբարոսնե՜ր։
Կցանկանայի անդրադառնալ քո մորը։ Դու շատ դաժան ես գտնվել մորդ հանդեպ։ Հասկանում եմ՝ դու վարվել ես այնպես, ինչպես զգացել ես, բայց մոր համար դա շատ ծանր հարված է։ Քո մայրը շատ է սիրում քեզ։ Նա մտածում է, որ լավ ընկեր լինելն ավելի լավ վերաբերմունք է երեխաների հանդեպ։ Սակայն նա չէր զգում, թե ինչպես է քեզ ցավեցնում։ Ես կարծում եմ՝ ամենալավ տարբերակը քո ու քո մոր անկեղծ խոսակցությունը կլիներ։ Ասեիր նրան այն ամենի մասին, ինչի մասին պատմում էիր միայն ինձ։ Մայրդ քեզ կհասկանար։ Իսկ այն անգութ նամակը, որը գրել էիր Պիմին։ Նա փորձում էր ամեն հնարավոր կերպով քեզ և մորդ հաշտեցնել։ Այդքան ջանք էր գործադրում ու ի պատասխան ստացավ այդ նամակը։ Անչափ վշտացրել ես նրան այդ նամակով։
Դե իհարկե չեմ մոռացել քո օրագրի մյուս անդամների մասին՝ Մարգո, Պետրոնելլա Վան Դաան, Հերման Վան Դաան և Ալբերտ Դասսել։ Նրանք եղել են քո օրագրի անբաժան մասը։
Ա՜խ, մենք կարող էինք խոսել ժամերով։ Եթե ես ունենայի մարդկային կերպարանք, մենք երեկոներին կարող էինք նստել միասին, բամբասել ամեն ինչից և ամենքից։ Երազել միասին, պատմել իրար ամենաանձնականը։ Կլինեինք մտերիմ ընկերուհիներ…
Մտքերս, քաոսային շարժում կատարելով, անցնում են գլխիս մի անկյունից մյուսը (ինչու՞ ես զարմանում, ի՞նչ է, մարդիկ կարող են գլուխ ունենալ, իսկ գեղեցիկ ստվարաթղթե օրագիրը՝ ո՞չ)։ Չեմ կարողանում նրանց կառավարել։ Ախր, շատ է ուշացել նամակս։ Մտքերս անկանոն են, խառը։ Չեմ կարողանում սանձել զգացմունքներիս հեղեղը։ Ինչևէ, կարծում եմ՝ հույզերով լի անկեղծ նամակն ավելի լավ է քան ճիշտ շարահյուսությամբ, գեղեցիկ համեմատություններով հարուստ, դպրոցում ինը գնահատականի արժանացող նամակը, որտեղ հոգու ու զգացմունքների մի նշույլ անգամ չկա․․․ Չկա և չի էլ լինի։ Ո՞վ է սահմանել այդ շարահյուսության ճիշտ կանոնները։ Ինչպե՞ս կարելի է ստիպել ստեղծագործ հոգուն գրել՝ ըստ կանոնների։ Պետք է առաջնորդվել միայն հոգով․ Գրել այնպես, ինչպես մարդիկ ավելի լավ կհասկանան և կզգան քո հոգեվիճակը։
Ինչպես արդեն նշել եմ, իմ ներսում հույզերի փոթորիկ է, որոնք իրենց արտապատկերումն ունեցան այս տողերի մեջ։ Եվ ինչպես փոթորկից հետո, մեռելային հանդարտություն է տիրում իմ հոգում։ Հիմա եմ քեզ հասկանում, թե ինչու էիր զգացմունքներդ թղթին հանձնում։ Հանգստացնում է․․․
Դե ինչ, չեմ հիասթափեցնի քեզ և կշարունակեմ գրել։ Հուսով եմ, որ կկարողանամ քեզ վստահել իմ բոլոր մտքերն այնպես, ինչպես ոչ ոքի երբեք չեմ կարողացել։ Եվ հուսով եմ, որ ինձ թև ու թիկունք կլինես։
Քո Կիտտի
2020 թվականի ապրլի 13-ից 20-ն անցկացվող Ազգային գրադարանային շաբաթը նվիրվեց Աննը Ֆրանկին։ Հայկական գրադարանային ասոցիացիայի ամենամյա այս միջոցառումը անցավ «Սովորել Աննը Ֆրանկի հետ» ծրագրի հետ համագործակցությամբ։ Չնայած արտակարգ իրավիճակին՝ կազմակերպիչների կողմից որոշվեց չհետաձգել ծրագրով նախատեսված միջոցառումները, այլ իրականացնել դրանք առցանց ձևաչափով, քանի որ խնդիրները, որ արծարծվում են Աննըի գրքում, ցավոք, նույնիսկ առավել արդիական էին համաճարակային այդ համատեքստում։
Շաբաթի շրջանակներում իրականացվեցին մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Աննը Ֆրանկի ցուցահանդեսի առցանց դիտում, նրա մասին ֆիլմի և մուլտ-անիմացիայի դիտում, տեղի ունեցավ առցանց հանդիպում «Հետնատունը» գրքի թարգմանիչ Աննա Մարիա Մատտաարի հետ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով, առցանց քննարկումներ կազմակերպվեցին խտրականության և պատանիների ձայնը լսելի դարձնելու թեմաներով։ Շաբաթի ընթացքում տեղի ունեցան նաև «Հետնատունը» գրքի առցանց քննարկում։ Ապրիլի 20-ին՝ Նոմ Հա Շոային՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը, հրապարակվեց Սուրեն Մանուկյանի դասախոսությունը Հոլոքոստի մասին։
Անցկացված այս բոլոր միջոցառումներին ակտիվորեն մասնակցեցին հանրապետության գրադարանների ընթերցողներ և հետևորդներ: Թեկուզ և առցանց ձևաչաթով, 2020թ. Ազգային գրադարանային շաբաթն անցավ հետաքրքիր և հագեցած՝ հաջողելով իր առաքելությունը․ ուշադրություն հրավիրել գրքին և ընթերցանությանը։ Իսկ հայ ընթերցողը հնարավորություն ստացավ ավելի խորացված ծանոթանալու 20-րդ դարի ամենազդեցիկ ստեղծագործություններից մեկին՝ Աննը Ֆրանկի օրագրին, և դրանից բխող պատմական ու հասարակական, համամարդկային կարևորագույն հիմնահարցերին։
Տեսադարան
Կայքի մասին
Կայքը պատրաստվել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից «Սովորել Աննը Ֆրանկի հետ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը իրականություն է դարձել Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ։ Կայքի պատրաստման համար օգտագործվել են նյութեր Աննը Ֆրանկի տուն-թանգարանի կայքից (annefrank.org)։ Կայքում տեղ գտած բովանդակությունը կարող է չհամընկնել Նիդերլանդների դեսպանատան և Նիդերլանդների Թագավորության կառավարության դիրքորրոշման հետ։












































